«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

«Յավաշ-յավաշ» դեպի անդունդ

«Յավաշ-յավաշ» դեպի անդունդ
10.10.2026 | 13:19

(կամ՝ Ալիևի «միլիտարիզմն» ընդդեմ Փաշինյանի «տրիկոյական
դիվանագիտության»)

Երբ 2026-ի հոկտեմբերի 9-ի առավոտյան լրահոսը Թուրքմենբաշիից թվային համառությամբ հրամցրեց Փաշինյանի՝ վաղուց արդեն էսթետիկական ու բարոյական ալերգիա հարուցող ժանգոտ «սրտիկը», ֆոնին հնչում էր ադրբեջանցի երգչուհի Զեյնեբ Հասանիի ձայնը։
«Aram-aram, yavaş-yavaş...» վոկալային մելիզմների ներքո, մերկապարողին հատուկ անպարկեշտ կեցվածքով ցուցադրված «սրտիկ»-ային ողորմելի ու հոգնեցրած շոուն բացարձակապես անհարիր էր արական սեռի ներկայացուցչի, էլ չեմ ասում՝ պետության դե-յուրե ղեկավարի աթոռը զբաղեցնողի կերպարին։
Ամենևին էլ զարմանալի չէ, որ օտար մայրաքաղաքից հրամցված խեղկատակությունն արդեն երկու օր է՝ համատարած սրտխառնոցի նոպաներ է առաջացնում։ Իսկ ադրբեջանական սոցցանցերում տիրող ժանտախտային խրախճանքին ուղիղ համեմատականորեն՝ հայկական տիրույթում ժամ առ ժամ խտանում է ազգային ամոթի մահացու չափաբաժինը։
Մի պահ փորձեցի հասկանալ՝ մեր ազգային ռաբիսի «արքա» Ասատրյա՞ն, թե՞ մեկ այլ հայկական Արամի մասին է այդքան գորովանքով ողբերգում Հասանին։ Եվ ինչու՞ է հայաստանյան պետական աթոռի տեղապահն այդ աստիճան հիացական էքստազի մեջ ընկել ադրբեջանական մոտիվները ֆոլկ երաժշտության էլեմենտներին խառնած «հարևանուհու» մելիզմատիկ ելևէջներից։
Մտատանջող խնդիրը վայրկյանների ընթացքում լուծեց թվային դարաշրջանի ամենակարող գործիքը՝ Google-ը։ Պարզվեց՝ Զեյնեբ խանումի կրքոտ «արամը» բացարձակապես որևէ աղերս չունի մեր ավանդական, հայկական անվան հետ։
Օղուզական թուրքերենից թարգմանաբար «aram-aram, yavaş-yavaş»-ը նշանակում է ընդամենը «կամաց-կամաց, հանգիստ-հանգիստ» կամ, որ ավելի սիմվոլիկ է՝ «քայլ առ քայլ, աստիճանաբար»։
Եվ հենց այստեղ է, որ «արամ-արամ»-ն ու սրտիկային խեղկատակությունը տեղի են տալիս սարսուռ առաջացնող «իմ քայլը» ազգային տրագիկոմեդիային։
Պետության կործանումը միշտ էլ սկսվում է սիմվոլների և ինստիտուտների էսթետիկական նվաստացումից ու պղծումից: Օտար ափերում, մարզահագուստով կիսապառկած և ադրբեջանական լալահառաչ կլկլոցների տակ «սրտիկ» ճմլող պաշտոնյան ոչ միայն տղամարդկային կերպարի բացահայտ դեգրադացիա է, այլև Հայաստանի վարչապետի աթոռի կանխամտածված ու հետևողական հեղինակազրկում։
Այն, ինչ հնարավոր չէ թշնամուն հանձնել միանգամից՝ հանրային կտրուկ ընդվզումից և ցասումից խուսափելու համար, հայաստանյան պետականության հիմքերի փլուզմամբ հանձնվում ու մատուցվում է հենց այդպես՝ «յավաշ-յավաշ»՝ անաղմուկ, աննկատ և քայլ առ քայլ։
Պետք է հստակ արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագծում սիմվոլների, փուչ ժեստերի և թաքնված ենթատեքստերի մանիպուլյացիան միշտ էլ ունեցել է առանցքային նշանակություն։
Նրա արյունածոր հետագիծն իսկական քաղաքական «ոդիսական» է՝ հունցված բոսորագույն «սրտիկի» թավշյա վիրակապով, զինվորական կամուֆլյաժով, ֆիդայական կեղծ մորուքով, ուսապարկով ու շուրջպար բռնած դագաղների շքահանդեսով, ինչը տարիների ընթացքում տրանսֆորմացվեց ու հասավ մինչև թեթևսոլիկ հեծանվային արշավների, ձեթոտ «պոռաշկիների», «կուկուռուզի» ու քերթած խոզի կաշվի տեսարանների։
Այս համատեքստում Թուրքմենբաշիի հեծանվավազքից հրամցված կադրերն ամենևին էլ պատահականություն չեն, այլ հստակ քաղաքական ուղերձ և սիմվոլիկ ժեստ՝ ուղղված ինչպես սեփական հանրությանը, այնպես էլ արտաքին աշխարհին։
«Aram-aram, yavaş-yavaş» ադրբեջանական մեղեդու տակ ցուցադրված «սրտիկը» խորհրդանշում է Հայաստանի գործող խունտայի որդեգրած քաղաքականության դանդաղ, բայց կործանարար ընթացքը. «աստիճանաբար» ու «հանգիստ» իրականացվող այն քայլերը, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերություններին, սահմանագծմանն ու միակողմանի զիջումներին՝ «անկլավների» շղարշի ներքո։
Նպատակը մեկն է՝ թմրեցնել հանրությանը և խուսափել կտրուկ ընդվզումից: Այն, ինչ հնարավոր չէ հանձնել միանգամից, հանձնվում է «յավաշ-յավաշ»՝ կամաց-կամաց և անդառնալիորեն։
Իսկ բարոյապես մաշված «սրտիկի» սիմվոլն իշխող քաղաքական թիմի հռչակած «Խաղաղության խաչմերուկ» փուչիկի և ադրբեջանա-թուրքական երկյակի հետ ամեն գնով «հարաբերություններ կարգավորելու» կուրսի յուրօրինակ, ոչ պաշտոնական այցեքարտն է։
Սիմվոլների լեզվով սա նաև բացահայտ ուղերձ է հայ հանրությանը. ադրբեջանական մշակութային տարրերի՝ տվյալ պարագայում երաժշտական կլկլոցների ներարկմամբ փորձ է արվում թշնամական ներկայությունը դարձնել սովորական, կենցաղային իրողություն։ Սա կատարելապես տեղավորվում է վերջին շրջանի այն հակահայկական դրսևորումների տրամաբանության մեջ, որոնք հաջորդեցին Շաքիի հայտնի իրադարձություններին։
ՈՒ եթե Փաշինյանի ցանկացած հանրային քայլ սիմվոլիկ է, ապա թշնամական հնչյունների ներքո արված «սրտիկը» դառնում է ներկայիս պետականակործան կուրսի՝ դանդաղ, անաղմուկ, բայց անդառնալի կապիտուլյացիայի վավերագրական պատկերը։
Անհրաժեշտ է առանձնահատուկ անդրադառնալ այս տեսանյութի վիզուալ և էսթետիկ միջուկին, որտեղ պրիմիտիվ շոումենիզմը միախառնվում է պետական ինստիտուտների բացահայտ արժեզրկման հետ:
Երբ երկրի դե-յուրե ղեկավարը միջազգային պաշտոնական այցի շրջանակում հանրությանը ներկայանում է մարզական կիսամերկությամբ, հեծանվային սաղավարտով ու ադրբեջանուհու երգի ուղեկցությամբ «սրտիկներ» է ճմլում, պատկերը դադարում է լինել անձնական ճաշակի կամ թեթևսոլիկության հարց:
Այս ողորմելի խճանկարը պետականության տեսանկյունից ունի երկշերտ հարված՝ ինստիտուցիոնալ և ավանդական-արժեքային: Փաշինյանը ոչ միայն պղծում է Հայաստանի Հանրապետության պետական աթոռի սիմվոլիկան, այլև հետևողականորեն ոչնչացնում է հենց վարչապետի ինստիտուտի մնացորդային հեղինակությունը։
Վարչապետի պաշտոնը ենթադրում է պետականության հավաքական արժանապատվության կրում: Ոչ ֆորմալ հագուստն ու թեթևսոլիկ վարքագիծը միջազգային հարթակներում հանրային ընկալման մեջ վերջնականապես ջնջում են պետության ղեկավարի և փողոցային բլոգերի միջև եղած սահմանը:
Մերկապարի սրահներին հարիր այդ կեցվածքը կամա թե ակամա հստակ ուղերձ է արտաքին աշխարհին. Հայաստանի դե-յուրե ղեկավարը ծանծաղամիտ սուբյեկտ է, որը լուրջ չի վերաբերվում ո՛չ իր կարգավիճակին, ո՛չ էլ այն արյունոտ ողբերգությանը, որում գտնվում է իր իսկ ձեռամբ կործանվող երկիրը:
Սա «յավաշ-յավաշ» հանձնվող, սեփական կշիռն ու ինքնասիրությունը կորցրած պետության տեսողական պատկերն է, որն ունի մեկ հստակ և դատապարտող բնորոշում՝ «տրիկոյական դիվանագիտություն»
Հազարավոր նահատակների սուրբ հիշատակի և Բաքվում տանջահար լինող մեր հայրենակիցների ֆոնին՝ պետության ղեկը զբաղեցնողի հակահիգիենիկ «զվարճանքը» վերջնականապես մերկացնում է այն բարոյական անդունդը, որը բաժանում է համազգային ողբերգությունը պատահական վարչախմբի ցինիկ ու դատարկ արժեհամակարգից
Նսեմացուցիչ այս համայնապատկերին հակառակորդի մեդիադաշտի և սոցցանցերի հռհռոցն ու լկտի ցնծությունը լիովին օրինաչափ են։ Պատերազմում հաղթած կողմի համար թշնամի երկրի ղեկավարի այս թեթևսոլիկ կեցվածքը բացարձակ կապիտուլյացիայի և հոգեբանական վերջնական ջախջախման ամենախոսուն ապացույցն է։
Կարդում ես ադրբեջանական լրատվամիջոցների վերլուծությունները, եզրահանգումներն ու դրանց տակ հորդացող լուտանքն ու ծաղրանքը, և ակամա ճգնում ես խորանալ «Ալիևի միլիտարիզմն ընդդեմ Փաշինյանի տրիկոյի» աշխարհաքաղաքական այս խեղկատակության ողջ սարսափի մեջ»
Ալիևը, լինելով բռնապետական համակարգի ղեկավար, իր հանրային կերպարը կառուցում է բացառապես ուժի, ագրեսիայի և հաղթող տղամարդու՝ էկրանային «մաչոյի» սիմվոլների վրա։ Նա հանրությանը ներկայանում է կա՛մ խիստ դասական կոստյումներով, կա՛մ զինվորական համազգեստով, կա՛մ ցուցադրաբար սահմանին բռունցք թափահարելով։ Նրա համար պետության ղեկավարի կարգավիճակը բացարձակ սրբություն է, որն իրավունք չունի իջնելու լարախաղացի կամ պաթոլոգիկ խաբեբայի մակարդակին
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կիրառում է ճիշտ հակառակ «մարտավարությունը» (եթե, իհարկե, նրա թեթևսոլիկ ու անհավասարակշիռ վարքագիծն ընդհանրապես կարելի է մարտավարություն անվանել)՝ առաջ մղելով «պոպուլիստական ընտանիության» անմակարդակ էսթետիկան, որը նոր իրողություններում վերածվել է բացահայտ ինքնանվաստացման։
Մարզահագուստով կիսապառկած այդ դիրքը, որն ավելի շատ հիշեցնում է գիշերային ակումբների «երեք մանեթանոց» պարողների կեցվածք, աշխարհին հղում է մեկ հստակ ուղերձ. Հայաստանը զրկված է պետական լրջությունից, չունի որևէ դիմադրողականություն և առաջնորդվում է տոտալ անպատասխանատվությամբ։
Ադրբեջանի համար սա հերթական հոգեբանական հաղթանակն է՝ ուղղված ոչ թե հանրապետությունը խայտառակող խեղկատակի, այլ ողջ հայ ժողովրդի դեմ: Թշնամին ծաղրում է ոչ թե անհատին, այլ հայոց պետականության առանցքային ինստիտուտը։
Տեսնելով, թե ինչպես է իրենց երգի տակ «սրտիկներ» անում այն երկրի ղեկավարը, որից իրենք տարածքներ են խլել, հայրենազրկել ու հազարավոր արյունոտ կորուստներ պատճառել, ադրբեջանցիները դնում են սեփական հաղթանակի վերջնական կնիքը։ Դա նրանց տալիս է բացարձակ բարոյական ու հոգեբանական գերակայության զգացում։
Փաշինյանի այս անպարկեշտ կեցվածքն ու ծամածռվելով «սրտիկի» ցուցադրությունը վերջնականապես փաստեցին՝ նա փոշիացրել է ոչ միայն սեփական անձի, այլև ընդհանրապես հայ տղամարդու և հայ զինվորի հավաքական արժանապատվությունը՝ հասցնելով այն նվաստացուցիչ սանդղակի ամենաստորին՝ իր իսկ նախընտրած բարոյական «զրոյական» կետին։
Բայց որքան էլ թշնամին հրճվի, իսկ վարչախումբը փորձի նվաստացնել մեր ազգային նկարագիրը, հայ ժողովրդի հավաքական ինքնասիրությունը հնարավոր չէ փոշիացնել հեծանվային վազքերով կամ օտարի մելիզմներով։
Հազարամյակների արժանապատվություն ու հաղթական հիշողություն ունեցող հանրությունը վաղ թե ուշ մերժելու է պարտվողականության այս էսթետիկան՝ վերականգնելով հայ տղամարդու, հայ զինվորի և հայկական պետականության կորսված թագն ու հարգանքը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ